Եվս մեկ աշուն և ևս մի կյանք...


Սյուզի Հովհաննիսյան

Կրկին աշուն է...մելամաղձոտ աշուն...
 Սիրում եմ աշունը,ինքս էլ չգիտեմ թե ինչու,բայց սիրում եմ աշունը... 
Սիրում եմ,երբ մոտենում է աշունն ու իր հետ բերում լեռներից,ձորերից եկող բքաբեր ձմռան սառը շունչը:Այն քամին,որ աշնան անբաժանելի ընկերն է,ինձ հիշեցնում է անցած-գնացած օրերս,երբ տխուր էի ու միայնակ,միայնակ ինչպես դարավոր կաղնին լեռներում:Այն լեռներում,որտեղ միայն թփեր են աճում:Այն քամին,որ միայն աշնանն է լինում,ինձ հիշեցնում է մանկությունս,մանկությանս օրերը:Այն օրերը,երբ խաղընկեր չգտնելով,առանձնանում էի,քաշվում էի սենյակիս մի անկյունն ու լալիս,այնքան լալիս,մինչև որ հոգնում էի:Եվ այդ օրերին ինձ միայն մի ընկեր էր լինում`դա աշնան պարզ ու ջինջ երկինքն էր,որ լալիս էր հազվադեպ,բայց լալիս էր երկար-երկար:Միայն երկինքն էր ինձ սփոփում ու մխիթարում...
  Եվ սիրում եմ նաև աշնան տխուր վախճանը,այն վախճանը,որն ինձ ստիպում է խորհել կյանքի մասին,կյանքի իմաստի մասին...Եվ ես վաղ թե ուշ հասկանում եմ,որ այս կյանքն էլ մի հերթական աշուն է.սկսվում է ջերմ ու արևոտ`այդ երբ մանուկ ենք,և որքան անցնում են աշնան պաղ ու միալար օրերը,այնքան էլ անցնում են մեր տարիներն ու մենք մեծանում ենք,հասակ առնում,իսկ հասակ առնելու հետ մեկտեղ հոգսեր են ավելանում:Եվ ինչպես որ աշնանային վերջին օրերն են պատուհաս դառնում այս աշխարհի համար,այդպես էլ տարիքն ու մեր վերջին տարիներն են պատուհաս ու արհավիրք դառնում մեզ համար:Եվ օրերից մի օր էլ գալիս է ձմեռն ու ավարտվում է ևս մեկ աշուն,ու մարում է ևս մի կյանք...

Комментарии

Популярные сообщения